Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների հայտնաբերումն ու ուղղորդումը Կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական և Կառավարության ծրագրերի կարևոր առաջնահերթություններից են։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների շրջանում երկու հիմնական ռիսկի խումբ կա.
– երեխաներ, որոնք 9-րդ դասարանից հետո կրթությունը չեն շարունակում,
– երեխաներ, որոնք առնվազն մեկ տարի ուշացումով են գնում դպրոց՝ չնայած «Հանրակրթության մասին» օրենքով սահմանված պահանջին առ այն, որ տվյալ օրացուցային տարում վեց տարեկանը լրանալու դեպքում երեխան պետք է դպրոց հաճախի այդ տարվա սեպտեմբերից։
9-րդ դասարանից հետո երեխաների կրթության շարունակականության ապահովման ուղղությամբ ձեռնարկվել են մի շարք քայլեր, որոնք էապես բարելավել են իրավիճակը. եթե 2021 թվականին կրթությունը չշարունակող երեխաները տվյալ տարիքային խմբում կազմում էին շուրջ 9%, ապա ներկայում այդ ցուցանիշը 6%-ի է հասնում:
Ինչ վերաբերում է սահմանված ժամկետից ուշ դպրոց հաճախող երեխաներին, ապա այս մասով դեռևս 2024 թվականի գարնանը կատարվել է համապատասխան իրավական փոփոխություն, որի համաձայն` 2025-2026 ուսումնական տարվանից դպրոց ուշ հաճախող երեխաները, եթե չունեն մտավոր զարգացման լուրջ խնդիր, պետք է ընդգրկվեն իրենց տարիքային խմբին համապատասխան դասարանում։ Այս կարգավորման՝ ուժի մեջ մտնելուն նախորդող ավելի քան մեկ տարի ժամանակահատվածը նպաստել է դպրոց ուշ հաճախող երեխաների թվի նկատելի կրճատմանը։ Եթե նախկինում ամեն տարի սահմանված ժամկետից ուշ դպրոց հաճախող երեխաների թիվը շուրջ 3000-ի էր հասնում, ապա 2025-2026 ուսումնական տարում այդ ցուցանիշը եղել է 777. նշված երեխաները սովորում են 382 հանրակրթական դպրոցներում:
Այս խմբի սովորողների հետ սեպտեմբերից իրականացվել են նպատակային և անհատականացված աշխատանքներ՝ միտված ոչ միայն ուսումնական բացերի լրացմանը, այլև սոցիալ-հոգեբանական հարմարեցմանը, համադասարանցիների հետ արդյունավետ փոխհարաբերությունների ձևավորմանը և դպրոցական կյանքի բնականոն ռիթմի մեջ ներառմանը։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել սահմանված ժամկետից ուշ դպրոց ընդունված կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպմանը և այդ գործընթացում յուրաքանչյուր երեխայի կրթության առանձնահատուկ կարիքին համապատասխան պայմանի ապահովմանը՝ հիմք ընդունելով նշված երեխաների համար մշակված անհատական ուսուցման պլանները:
Ուսումնական տարվա առաջին կիսամյակի ընթացքում վերոնշյալ դպրոցներում իրականացվել են տարբեր ուղղություններով մի շարք աշխատանքներ, որոնք հիմնականում դրական ազդեցություն են ունեցել սովորողների առաջադիմության վրա։ Այդ աշխատանքները կազմակերպվել են տարբեր ուղղություններով.
– Դասավանդող ուսուցիչների, մասնավորապես՝ դասվարների կարողությունների զարգացում
– Սովորողների ուսումնառությանն ուղղված աջակցություն
– Սովորողների սոցիալ-հոգեբանական զարգացմանն ու հարմարմանն ուղղված աջակցություն
– Ծնողների հետ իրականացված աշխատանքներ
– Ամենամսյա մշտադիտարկումներ՝ այս խմբի սովորողների ուսումնառությունը պատշաճ կազմակերպելու և ծագած խնդիրներին ժամանակին լուծում տալու նպատակով:
Ուսումնական տարվա առաջին կիսամյակի ավարտի դրությամբ՝ իրականացված վերլուծության արդյունքում արձանագրված տվյալների ու ցուցանիշների մանրամասներին և նախատեսվող աշխատանքներին կարող եք ծանոթանալ կայքում` https://escs.am/am/news/33914
Պարզաբանում՝ սահմանված տարիքից ուշ դպրոց ընդունված սովորողների ուսումնառության վերաբերյալ
Հրապարակող՝

